ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
1. Եկամտային հարկը և եկամտային հարկ վճարողները
Եկամտային հարկը ԱՀ պետական բյուջե (այսուհետ` բյուջե) վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:
Ֆիզիկական անձը` ԱՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը ԱՀ-ում եկամտային հարկ է վճարում, եթե նա`
- ԱՀ ռեզիդենտ է` հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ԱՀ-ում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ` ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է ԱՀ-ում (մասնավորապես` եթե ԱՀ-ում է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը), կամ` որը գտնվելով ԱՀ-ում պետական ծառայության մեջ, ժամանակավորապես աշխատում է ԱՀ տարածքից դուրս, և ԱՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ,
- ոչ ռեզիդենտ է և արցախյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:
2. Հարկվող եկամուտը
Հարկվող եկամուտը ֆիզիկական անձի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտի և «Եկամտային հարկի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է (եթե Օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ):
Օրենքով սահմանված նվազեցումներ են`
- նվազեցվող եկամուտները,
- ծախսերը:
3. Համախառն եկամուտը և նվազեցվող եկամուտները
Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի ստացած (ստացման ենթակա) բոլոր եկամուտների հանրագումարն է: Եկամուտ է համարվում ձեռնարկատիրական գործունեությունից, աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացման ենթակա, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով ստացված գույքը (դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները): Սակայն եկամտի որոշ տեսակներ` ներառվելով համախառն եկամտի մեջ, միաժամանակ նվազեցվում են այդ եկամտից, օրինակ`
- օրենսդրության համաձայն վճարված նպաստները (բացառությամբ` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստների).
- օրենսդրության համաձայն վճարված բոլոր տեսակի կենսաթոշակները (բացառությամբ` սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարված կենսաթոշակների).
- ԱՀ օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարված պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.
- ԱՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (բացառությամբ` աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների).
- ԱՀ օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված գույքը և դրամական միջոցները.
- սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացված գումարները (բացառությամբ` ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացման ենթակա գումարների): Իրացում (վաճառք) չի համարվում առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի ներդրումը.
- ստացված վարկերի և փոխառությունների գումարները (բացառությամբ` պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին)).
- աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով տրվող օգնության գումարները.
- ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆիզիկական անձանց անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների համար հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսները կամ այլ հատուցումը.
- ԱՀ հավաքականի կազմում միջազգային մրցույթներում (մրցություններում) հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները (պարգևները).
- ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 000 ՀՀ դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.
- մրցույթներում (մրցություններում) ստացված դրամական մրցանակների (պարգևների) արժեքը` յուրաքանչյուր վճարման դեպքում 50 000 ՀՀ դրամը չգերազանցող չափով.
- ԱՀ կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10%-ի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.
- պետական պարգևները (մրցանակները).
- ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների ձեռագործ գորգերի իրացումից եկամուտները.
- գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10,0 հազ. դրամի չափով: Գործատուների կողմից իրենց աշխատողների առողջության ապահովագրության համար յուրաքանչյուր ամսվա հաշվով հաշվեգրված ապահովագրավճարների 10,0 հազ. դրամը գերազանցող գումարները հարկվում են ընդհանուր կարգով` գումարվելով տվյալ ամսվա հաշվարկված աշխատավարձին.
- «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները.
- շահաբաժիններ և արժեթղթերից ստացված եկամուտներ.
- գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված (ստացման ենթակա) եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից եկամուտների հանրագումարի մեջ չի գերազանցում 10%-ը և այլն:
Համախառն եկամտից նվազեցվող եկամուտների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներում:
4. Եկամտային հարկի հաշվարկումը և վճարումը
Ֆիզիկական անձը եկամտային հարկը վճարում է.
- եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` հարկային գործակալ) միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (իսկ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվարկելիս)` յուրաքանչյուր վճարման (հաշվարկման) դեպքում, կրում են եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
- ինքնուրույնաբար` «Տարեկան եկամուտների մասին» հաշվարկով, երբ ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) ստացած եկամուտները չեն հարկվել հարկային գործակալների միջոցով: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եկամտային հարկի պարտավորությունը նույնպես կատարում են ինքնուրույնաբար` «Եկամտային հարկի ամսական պարզեցված» հաշվարկով:
Եկամտային հարկի հաշվարկման բանաձևը
- Հարկային գործակալի միջոցով` ամսական հարկվող եկամուտներից
Եկամտային հարկը = ամսական հարկվող եկամուտ х 13 %
Ամսական հարկվող եկամուտը = Ամսական համախառն եկամուտ - Նվազեցվող եկամուտ
Ուշադրություն` Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եկամտային հարկի պարտավորությունը կատարում են ամսական հարկվող եկամտից 13 տոկոս դրույքաչափով:
Բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկային գործակալը աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 3 տոկոս դրույքաչափով:
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ռոյալթիներից, գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից և ֆիզիկական անձանցից գույք ձեռքբերելու դիմաց վճարվող եկամուտներից հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է առանձին 6 % դրույքաչափով, իսկ օտարերկրյա քաղաքացիների ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարվող եկամուտներից 5 % դրույքաչափով` առանց որևէ նվազեցման:
- Բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհամարվող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 6 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում, չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:
- Տոկոսների համար եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով օրենքով սահմանված նվազեցումները:
- ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կուտակված միջոցները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստացման դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է 13 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով օրենքով սահմանված նվազեցումները:
- ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացված կենսաթոշակներից եկամտային հարկը հաշվարկվում է 6 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով օրենքով սահմանված նվազեցումները:
- Այն դեպքում, երբ հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարում է եկամուտ` առանց գրավոր պայմանագիր (օրենքով պահանջվող տվյալների պարտադիր նշումով) կնքելու (բացառությամբ` աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց եկամուտներ վճարելիս) եկամտային հարկը հաշվարկում և պահում է 10 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:
Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս 13 % դրույքաչափով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների (ԱՀ քաղաքացի, օտարերկրացի) համար հաշվարկած և տվալ ամսում պետական բյուջեի հաշվին վճարվող` փաստացի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները (ժամանակավոր անաշխատունակության նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից):
- Հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են տարեկան հարկվող եկամուտներից
Եկամտային հարկ = տարեկան հարկվող եկամուտ х 13 %, բայց ոչ պակաս 60 հազար դրամից
Տարեկան հարկվող եկամուտը = Տարեկան համախառն եկամուտ - Նվազեցվող եկամուտ – Ծախսեր
- «Հաստատագրված վճարների մասին» օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Առևտրի հարկի մասին» օրենքով սահմանված առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են տարեկան հարկվող եկամուտներից
տարեկան հարկվող եկամուտ х 10 %, բայց ոչ պակաս 60 հազար դրամից
Ուշադրություն` հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը վճարում են նվազագույն եկամտային հարկ` ամսական 5 000 ՀՀ դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):
«Արտոնագրային վճարների մասին» օրենքով արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չեն հաշվարկում և չեն վճարում:
Անհատ ձեռնարկատերերը` որպես այդպիսին ստացած ռոյաթիներից, վարձակալական վճարներից և տոկոսներից եկամտային հարկը հաշվարկում են տարեկան դրույքաչափով:
Ուշադրություն` Տարվա ընթացքում ֆիզիկական անձի (բացառությամբ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) հարկային գործակալներից ստացած այն եկամուտները, որոնցից եկամտային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք վճարող հարկային գործակալները, չեն ներառվում տարեկան եկամուտների մասին հաշվարկում:
5. Եկամտային հարկի հաշվետվությունների բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացումը և հարկի վճարման ժամկետները
Ներկայացնողը և հաշվետվության տեսակը
|
Ներկայացման ժամկետը
|
Հարկի վճարման ժամկետը
|
հարկային գործակալ
|
վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ
|
վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ
|
|
նոր աշխատողի գրանցման հայտ
|
նոր աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը
|
|
հարկային գործակալ
|
եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ` հաշվետու ամսում ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամտից պահված և փոխանցված եկամտային հարկի
|
հաշվետու ամսվան
հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ
|
աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման, մնացած եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ
|
հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողներ
|
եկամտային հարկի պարզեցված ամսական հաշվարկ` ստացված եկամուտների և հաշվարկված ու վճարված եկամտային հարկի վերաբերյալ
|
հաշվետու ամսվան
հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ
|
աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման, մնացած եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ
|
ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր
|
տարեկան եկամուտների մասին հաշվարկ
|
հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ից ոչ ուշ
|
հարկային տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 1-ը
|
Ուշադրություն` հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` ՀՆԷՀ) կայք մուտք գործելու և աշխատողների համար գրանցման հայտեր ներկայացնելու համար գործատուն (կամ գործատուի կողմից լիազորված անձը) պետք է հանդիսանա ՀՆԷՀ օգտվող (ունենա էլեկտրոնային ստորագրություն, օգտվողի անուն և գաղտնաբառ):
Հարկային գործակալները պարտավոր են մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել`
- նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անուն, ազգանուն և հայրանուն, բնակության (հաշվառման) վայրի հասցե, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը),
- եկամտային հարկի և կուտակային վճարի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են`
- հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող վարձու աշխատողների համար հաշվարկված (իսկ պայմանագրային եկամուտների դեպքում` վճարված) եկամուտների և այդ եկամուտներից պահված հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ,
- հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալից պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց և Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ անհատական տեղեկություններ:
Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` 15% դրույքաչափով և յուրաքանչյուր ամսվա համար, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, բացառապես էլեկտրոնային եղանակով իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի պարզեցված հաշվարկ, որտեղ ներառվում են հաշվետու ամսում գործատուներից`
- եկամուտներ ստացող վարձու աշխատողների համար հաշվարկված (իսկ պայմանագրային եկամուտների դեպքում` ստացված) եկամուտների և այդ եկամուտների հանրագումարից ինքնուրույն հաշվարկված հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված լինելու դեպքում` նաև ինքնուրույն հաշվարկված և վճարված կուտակային վճարների վերաբերյալ տեղեկություններ,
- ստացված պասիվ եկամուտների և այդ եկամուտների հանրագումարից ինքնուրույն հաշվարկված հարկի վերաբերյալ տեղեկություններ:
Տարեկան եկամուտների մասին հաշվարկ բացառապես էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ից ոչ ուշ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ:
Հաշվարկ կարող է չներկայացվել, եթե ստացվել է.
- «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտ.
- հարկային գործակալի միջոցով հարկվող եկամուտ:
Տարեկան եկամուտների հաշվարկում ֆիզիկական անձը ներառում է հարկային տարվա ընթացքում հարկային գործակալների միջոցով չհարկված փաստացի ստացված եկամուտները և դրանց գծով փաստացի կատարված ծախսերը, այսինքն այդ մասով հաշվարկը լրացվում է «վճարման` դրամարկղային» եղանակով:
Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեության մասով կիրառում է հաշվառման «հաշվեգրման» եղանակը` ելնելով այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:
Տարեկան եկամուտների հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը տարեկան համախառն եկամուտը կարող են նվազեցնել ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանված են ԼՂՀ կառավարության 26.12.2000թ. N 254 որոշմամբ: Անհատ ձեռնարկատիրոջ կատարած ծախսերը (այդ թվում` էլեկտրաէներգիայի, կապի և կոմունալ այլ ծախսերը) համարվում են ձեռնարկատիրական գործունեության գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր, եթե դրանք կատարվել են որպես անհատ ձեռնարկատեր:
Ուշադրություն` Եթե ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը բացասական է, ապա այն` որպես հաշվետու տարվա ձեռնարկատիրական գործունեությունից վնաս, փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 3 տարիներ և կարող է նվազեցվել միայն հետագա տարիներում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից:
6. Եկամտային հարկի կանխավճարների կատարումը
Հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող անհատ ձեռնարկատերը պարտավոր է կատարել եկամտային հարկի եռամսյակային կանխավճարներ` մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 20-ը: Սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկվում են նախորդ տարվա ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր իրականացվող գործունեության գծով հաշվարկված հարկի գումարի 18.75%-ի և տվյալ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված նվազագույն եկամտային հարկի գումարի դրական տարբերության չափով:
Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն եռամսյակային կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` ընթացիկ տարվա հունիսի 1-ից ոչ ուշ` հարկային մարմիններին ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Կանխավճարի և նվազագույն եկամտային հարկի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտային հարկի (ներառյալ նվազագույն եկամտային հարկի գումարը) 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ՝ փաստացի ստացված եկամտային հարկի (առանց նվազագույն եկամտային հարկի գումարի) 18,75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի կատարված կանխավճարի (առանց նվազագույն եկամտային հարկի գումարի) տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու) օրը: Հարկային մարմին գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն ներկայացված լինելու դեպքում դրա հետևանքով եռամսյակային կանխավճար չհաշվարկված եռամսյակի (եռամսյակների) համար տույժեր չեն հաշվարկվում:
7. «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջները խախտելու համար սահմանված պատասխանատվությունը
Եկամտային հարկը եկամտի վճարման աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) կամ պակաս պահելու (գանձելու) դեպքում հարկի գումարը և հարկը սահմանված ժամկետներում պետական բյուջե չվճարելու համար «Հարկերի մասին» օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերը վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը:
Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված (վճարված) եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին 3 ամսվա համար, ընդ որում ամսական համախառն եկամտից պահումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել այդ եկամտի 50%-ը:
Աշխատողի աշխատանքի ընդունումը ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը լիազոր մարմնի կողմից ԱՀ կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) յուրաքանչյուր չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի վարձու աշխատողի համար վճարում է տուգանք ստորև բերված աղյուսակում նշված չափերով`
Չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի վարձու աշխատողների թվաքանակը
|
Տուգանքի չափը` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողների համար
|
1-ից 3-ը
|
60,0 հազ. դրամ
|
4-ից 6-ը
|
150,0 հազ. դրամ
|
7-ից 9-ը
|
300,0 հազ. դրամ
|
10 և ավելի
|
600,0 հազ. դրամ
|
Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկում օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 13 տոկոսի չափով:
|